Սուրբ ԾՆՆԴՅԱՆ ուղերձ՝ Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի

Սուրբ ԾՆՆԴՅԱՆ ուղերձ՝

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

Սիրեցյա՜լ հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան մեծ տոնի առթիվ:

Պատահական չէ, որ Քրիստոսի Սուրբ Ծնունդը նոր տարվա առաջին տոնն է, քանի որ նրանում իրենց սկիզբն են առնում և՛ Տիրոջ Մկրտությունը, և՛ Զատիկը, և՛ Համբարձումը, և՛ Սուրբ Հոգու Գալուստը: Այս մեծագույն իրադարձության հոգևոր իմաստն ու նշանակությունը կայանում է նրանում, որ «երբ ժամանակը իր լրումին հասավ» (Գաղ. 4:4), չարիքով ստրկացված աշխարհ ծնվեց նրա Փրկիչը, Տիեզերքի Արարիչը. «Մեծ խորհրդի հրեշտակը» (Ես. 9:6) մարդ դարձավ, Հին Կտակարանը փոխարինվեց Նորով: Մեղքերի մեջ կործանվող մարդկությունը փրկել ինքն իրեն արդեն չէր կարող, և հանուն այդ փրկության պահանջվեց Աստծու Որդու՝ աշխարհ իջնելու անձնազոհ սխրագործությունը, Ում սերը մարդկանց հանդեպ ավելի ուշ Խաչը կհաներ Նրան: Սուրբ Ծննդյան իրադարձության մեջ Աստծու Որդու մարդանալու մասին կիմանան հրեշտակները, սրտով մաքուր մարդիկ, արևելյան մոգերը և բեթղեհեմյան հովիվները: Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը Բանն Աստված հայտնվեց նրանց, ովքեր հոգեպես պատրաստ էին նրան, որ Նա մարդ դարձավ, ինչպես գրում է սբ. Հովհաննես Աստվածաբանը. «Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (Հովհ. 1:14): Այս իրադարձության մեջ ամբողջ լիությամբ հայտնվեց Աստծու սերը մարդկանց հանդեպ, քանզի կատարվեց Աստծու և մարդու, աստվածային և մարդկային բնությունների միավորման մեծ խորհուրդը:

Բանն Աստված ընդունեց մարդկային մարմին, բայց չդադարեց Աստված լինել, Նա քարոզում էր, ուսուցանում, հրաշքներ էր կատարում, խաչվեց, հարություն առավ, համբարձվեց երկինք և ուղարկեց առաքյալներին Սուրբ Հոգուն, Որի միջնորդությամբ կազմեց Իր Մարմինը՝ Քրիստոսի Եկեղեցին: Մեր կապն ու հաղորդակցությունն Աստծու հետ միայն հոգևոր չէ, այլև՝ մարմնական, քանի որ մեր ամբողջ էությունը՝ բաղկացած հոգուց և մարմնից, միանում է Քրիստոսի հետ: Մկրտության և Դրոշմի միջոցով մենք դառնում ենք Եկեղեցու անդամներ, իսկ Աստվածային Հաղորդության մեջ հաղորդակից ենք դառնում Նրա Ամենասուրբ Մարմնին և Արյանը: Դա չէր կարող տեղի ունենալ, եթե Քրիստոս մարդ չդառնար: Այժմ մենք ոչ միայն աղոթում ենք Աստծուն, այլև դառնում ենք Նրա Ասվածային կյանքի իսկական հաղորդակիցները:

Քրիստոսի Սուրբ Ծնունդը նոր ժամանակաշրջանի սկիզբն է երկրի վրա: Ամենազոր Տերը մարդկանց հանդեպ Իր մեծ գթասրտությամբ ընդունեց մարդկային կերպարանք, որ նորացնի գրեթե մարած բարության լույսը մարդկանց սրտերում, նրանց հիշեցնի մեղսալից կյանքի խավարի մեջ կորած Ճշմարտության խոսքի էությունը: Արարիչը, հայտնվելով մարդկային կերպարանքով, միավորեց երկինքն ու երկիրը՝ Սիրո Ուխտը կնքելով մարդկության հետ: Հին մարգարեները կանխատեսել էին, որ մարդկանց մոտ կգա խաղաղության Թագավորը, Ով կնորոգի այն ամենն, ինչ խեղաթյուրել էր մարդկության պատմությունը: Բայց նրանք, ովքեր դրա մասին գիտեին, չէին սպասում, որ Նա կծնվի համեստ, խաղաղ վայրում՝ անասունների քարայրում, որովհետև, ինչպես Ավետարանից հայտնի է, Բեթղեհեմում մարդկանց մեջ Սուրբ Ընտանիքի համար տեղ չգտնվեց: Այդպես էլ այսօր ևս մեզնից շատերի հոգում միշտ չէ, որ տեղ է մնում Աստծու համար: Մարդկանց մեծամասնությունը սպասում է Աստծու փառահեղ գալստյանն իրենց կյանք, իսկ Նա իջնում է խաղաղ և աներևույթ: Գալիս է նրանց մոտ, ովքեր իսկապես ցանկանում են վերափոխվել, մեղմացնել իրենց սրտերը հնազանդության մեջ Աստվածային զորությանը, որը, լինելով Հավիտենական Սեր, բովանդակում է Իր աջի մեջ ողջ Տիեզերքը:

Համայն աշխարհի քրիստոնյաներն ամեն տարի անհամբերությամբ սպասում են Սուրբ Ծննդյան տոնին: Երկրագնդի ամեն անկյունում, որտեղ խոնարհվում են Քրիստոսի անվան առաջ, տոնում են Փրկչի ծննդյան մեծագույն օրը: Նրա գալուն ենք սպասում և մենք՝ Կովկասի հողի վրա ապրողներս: Թող Ամենաամբիծ Կույս Մարիամից ծնված Տերն օգնի բոլոր «նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության» (Մտթ.5:6) ունենալ մաքուր մտքեր, որ ընդունեն Նրա Ծնունդը և ազդարարեն բարի լուրն այնպես, ինչպես հրեշտակներն էին ազդարարում Աստծու գալստյան մասին երկրի վրա: Այս սրբազան օրը ես կուզենայի մաղթել բոլոր նրանց, ում դեռ չի լուսավորել Քրիստոսի հավատի լույսը, ով դեռ կանգնած է մտորումների շեմին, որ Աստվածային սիրո ջերմությունը տաքացնի յուրաքանչյուր մարդու և բերի նրան սուրբ տաճար:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր ուղղափառ քրիստոնյաներին և Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աղոթաբար մաղթում եմ ձեզ եկող նոր տարում Աստծու առատ օգնությունը բարի գործերում և նախաձեռնություններում, հոգեկան և մարմնական ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն և երկար կյանք:

Թող Տերն օրհնի մեր երկրներն ու ժողովուրդներին:

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ արքեպիսկոպոս,

Հայաստանի Հանրապետությունում

Ռուս Ուղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

Սուրբ Ծնունդ

2019 թ.

Վլադիկավկազ