ՎԼԱԴԻԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԱԼԱՆԻԱՅԻ ՂԵՎՈՆԻԴԵՍ ՍՐԲԱԶԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Վլադիկովկասի ԵՎ Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան եպիսկոպոսի

ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝

Վլադիկովկասի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

 

 

Սիրեցյա՛լ ի Տեր հայրեր, եղբայրներ և քույրեր,

ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ ձեզ Տիրոջ Զատկի տոնի առթիվ առաքելական ողջույնի ամենաբերկրալի խոսքերով՝

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ:

Ատելության ու տառապանքի հեղեղի վրա երկնային ծիածանով մարդկությանն է շողում Քրիստոսի Հարությունը: Հարություն է առել Փրկիչը. և մարդկանց բացվել է ճանապարհը դեպի երանելի անմահություն, դեպի հարություն Աստծո սիրո մեջ: Երկրի վրա չի եղել և չի լինի ավելի վեհ ու հիասքանչ իրադարձություն: Զատկական բերկրանքն ամբողջ տիեզերքն է ընդգրկում, բոլոր ժամանակներն ու մարդկանց սերունդները:

Անհիշելի ժամանակներից մարդկությունը մտածում էր գոյության իմաստի մասին: Անցնում էին դարեր, աշխարհի քարտեզի վրա իրար էին փոխարինում ժողովուրդներ և պետություններ: Մարդիկ անում էին հայտնագործություններ, արվեստի գլուխգործոցներ էին ստեղծում, փոփոխում էին մոլորակի դեմքն ու հասարակության կառուցվածքը: Բայց մարդկային հանճարի բոլոր ձեռքբերումները կորցնում էին իրենց կարևորությունը մահվան առջև: Եվ մինչև Փրկչի հայտնվելն աշխարհում կային բարուն և գեղեցիկին ձգտող, արդարությունն ու ճշմարտությունը փնտրող մարդիկ: Բայց ասես անթափանց խավարի մեջ անհետանում էին նրանց վեհ խոյանքները: Անդրշիրիմյան աշխարհից չէին գալիս լուրեր, իսկ բարին՝ մահով դատապարտված, նրանց անիմաստ էր թվում:

Այն ակնթարթը, երբ դուրս եկավ գերեզմանից հարուցյալ Քրիստոս, նվիրեց մարդկանց լուսափայլ իմացություն: Փրկիչը բացեց մեր առաջ Հավիտենական Արքայության դռները: Ո՛չ, անպտուղ չեն այս աշխարհում մարդկային բարությունն ու գթասրտությունը, բարեպաշտությունն ու բանականությունը: Դրանք այն սերմերն են, որոնք առատ ընձյուղներով աճում են մեր Երկնային Հայրենիքում:

«Քրիստոս հարյա՜վ» բերկրալի կենսահաստատ ողջույնն աշխարհին է ազդարարում կարևորագույն մի ճշմարտություն, որից սկսվեց առաքելական քարոզը: Հարություն կարող էր առնել միայն Աստված: Այդ իսկ պատճառով Քրիստոսի հարության հարցը՝ գոյության գլխավոր հիմնախնդիրն է: «Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, - ասում է Պողոս առաքյալը և նույն պահին հաղթականորեն հաստատում, - Բայց արդ՝ մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կոր.15:17,20): Այս սրբազան օրերին մենք ձեզ հետ միասին վկաներ և խոստովանողներ ենք հանդիսանում՝ «Քրիստոս հարյա՜վ» զատկական բացականչությամբ հայտնելով մեր հավատը: Այս հակիրճ բառերով տրված է մեր կյանքի իմաստի մասին բոլոր իմաստունների հարցերի պատասխանը:

Զատկական բերկրանքն այս սուրբ օրերին լցնում է ամեն հավատացյալի սիրտը: Բերկրանքով է լեցուն երկրային աշխարհը, հանդիսավորությամբ և ցնծությամբ՝ աշխարհը երկնային: Աղոթաբար մաղթում եմ ձեզ այս գերագույն բերկրանքը՝ փոխադարձ սեր և միություն՝ հարուցյալ Քրիստոսով: Հարությունն Աստծո սիրո մեջ, այս է նպատակը և մարդու կյանքի բարձրագույն իմաստը: Բայց մենք չենք հասնի այդ նպատակին, եթե չսովորենք ներել, սիրել ու բարիք գործել մեր մերձավորներին՝ նրանց, ում համար մեռավ և հարություն առավ աշխարհի Փրկիչը՝ Քրիստոսը:

Մաղթում եմ ձեզ լիակատար չափով զգալ այժմյան ամենալուսավոր տոնի բերկրանքը, կիսվել դրանով հարազատների ու ծանոթների հետ, մերձավորների և հեռավորների, նրանց հետ, ով զրկված է իր կյանքում շատ ու շատ մխիթարանքներից: Թող Զատիկն Օսեթիա-Ալանիայի, Հայաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար լինի լուսավոր և երջանիկ: Թող Զատկի ուրախությունը մտնի ամեն տուն և ամրապնդի մեզ կենցաղային փորձությունների մեջ, թող այն միավորի ամենատարբեր հայացքների ու համոզմունքների տեր մարդկանց:

 

 

Ճշմարտապես հարյա՜վ Քրիստոս:

 

Վլադիկովկասի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ եպիսկոպոս,

Հայաստանի Հանրապետությունում

Ռուս Ուղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

Սբ. Զատիկ

2017 թ.

Վլադիկովկաս