ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոսի,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

 

Սիրեցյալ հայրե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր ի Տեր:

Քրիստոսի Հարության մեծ և սուրբ այս օրով ձեզ եմ դիմում ուրախ լուրով և ամբողջ սրտով ողջունում եմ ձեզ զատկական հանդիսավոր շնորհավորանքով.

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ:

Հարության մասին լուրն ամբողջ քրիստոնեական հավատքի վարդապետության անկյունաքարն է. ըստ Պողոս առաքյալի խոսքերի «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել; և եթե Քրիստոս հարություն չի առել, ի զուր է մեր քարոզությունը, ի զուր է և ձեր հավատը» (Ա Կոր.15:13-14): Միայն Հարությամբ Հիսուս Քրիստոսի ամբողջ երկրավոր կյանքը և Իր Խաչը ստանում են իրենց ճշմարիտ նշանակությունը: Առանց Տեր Հիսուսի` Սուրբ Զատկի օրը սկսվող կենդանի ներկայության Եկեղեցին գոյություն չունի:

Հիսուս Քրիստոսի Հարությունը սովորական գիտական և պատմական փորձի շրջանակներից դուրս եկող իրադարձություն է: Այն մահացած մարմնին ֆիզիկական կյանքի վերադարձ չէր, ինչպես, օրինակ, արդար Ղազարոսին կամ Նայինի այրիի որդուն հարություն տալը (Հովհ.11:43-44; Ղուկ.7:11-17): Քրիստոսի Հարությունը նոր կարգի կյանքի առաջացումն է, մահկանացուների մեջ հավիտենական կյանքի մարմնավորումը, մեռյալների համընդհանուր հարության սկիզբն արդեն մեր աշխարհում: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են մնում, միասնական են Նրա հետ, ստանում են Նրա կյանքը, ինչպես գրում է սուրբ առաքյալը. «յուրաքանչյուրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, և ապա՝ քրիստոսականները՝ Նրա գալստյանը» (Ա Կոր. 15:23):

Հարության լույսի ներքո Երկնավոր Հոր հանդեպ Իր հնազանդությունը մինչև «մահը խաչի վրա» (Փլպ. 2:6) ցուցաբերած Տեր Հիսուս Քրիստոսը, վերջնականապես ընկալվում է որպես իսկական Մեսիա: Նրա հետ եկավ Աստծու նոր ներկայությունը մարդկանց մեջ, որից բարձր արդեն ոչինչ չի կարող լինել: Ներկայություն, որը հաղթականորեն իրեն ուղի է հարթում, և որն Աստված արդեն չի չեղարկի: Քրիստոսն այդ ներկայությունն անվանում է Աստծու Արքայություն՝ որ մարդուց որոշում է պահանջում՝ ընդունում է նա արդյոք Աստծուն, երբ Նա դարձավ այդքան մոտ, թե՝ ոչ: Իր Հարության միջոցով Քրիստոսը հաստատեց, որ Նա համընդհանուր Փրկիչն է՝ Աստծուց ուղարկված մարդկությանը, Նրա խոսքը վերջնական է և ոչնչով չի կարող գերազանցվել, այն վերջին, Աստծու ինքնաբացահայտման ծայրագույն խոսքն է, քանզի Աստված Ինքն Իրեն բացահայտեց Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ:

Աստծու Զատիկը նոր ժամանակի և նոր աշխարհի սկիզբն է: Հիսուս Քրիստոսի Հարությամբ մեզ տրված է իմանալ, որ Աստծու կողմից ի դեմս Իր Որդու արդեն տարված է վերջնական հաղթանակը մարդու օգտին մեղքի և մահվան նկատմամբ, քանի որ Քրիստոսը «երկրորդ Ադամն» է (Ա Կոր.15:45), որից մարդիկ նոր բնություն և հավիտենական կյանք են ժառանգում:

Այն, ինչ տեղի ունեցավ Գողգոթայի վրա և արդար Հովսեփ Արիմաթացու այգում, չփոխեց իրերի տեսանելի կարգը, բայց ամբողջ գոյի ծածուկ խորության մեջ տեղի ունեցավ մեծ բեկում: Գալիլեացի Վարդապետը, Որի մեջ Աստվածային «Բանը մարմին եղավ» (Հովհ.1:14)«Առաջնեկը ննջեցյալներից» (Ա Կոր.15:20), մարդկանց է բերում Աստծու Արքայությունը:  Արքայություն կարող են մտնել բոլոր նրանք, ովքեր ազատորեն ընդունեցին Քրիստոսին, ովքեր գտան Նրա մեջ «Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ.14:6):

Այս սրբազան օրը լցվենք հանդիսավոր զատկական ցնծությամբ, լիովին զգանք Քրիստոսի Հարության լուսավոր ուրախությունը, որն ի զորու է օգնել մեզ՝ հաղթահարելու կենսական ցանկացած դժբախտություններ և խոչընդոտներ, կիսվենք նրանով մեր մերձավորների հետ, կարիքավորների և թշվառների հետ, հիվանդների և միայնակների հետ: Նորից ու նորից շնորհավորում եմ ձեզ Տիրոջ փրկչական Զատկի մեծագույն տոնի առթիվ, և մաղթում բոլորին Աստծու առատ օգնությունը բարի գործերում և նախաձեռնություններում, առաջադիմություն հավատքի և բարեպաշտության մեջ, անփոփոխ բարեհաջողություն և կորով: Թող օրհնի Հարուցյալ Տերը մեր երկրներն ու ժողովուրդներին խաղաղությամբ և բարօրությամբ, թող Նա լցնի բոլոր մարդկանց սրտերը հարգանքով, ուշադրությամբ և սիրով իրար հանդեպ:

ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՀԱՐՅԱ՜Վ ՔՐԻՍՏՈՍ:

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ սրբազան արքեպիսկոպոս,

Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ

 

 

Սուրբ Զատիկ

Վլադիկավկազ

2019 թ.