ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԼԱԴԻԿԱՎԿԱԶԻ ԵՒ ԱԼԱՆԻԱՅԻ ՂԵՎՈՆԻԴԵՍ ՍՐԲԱԶԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉ

 

 

ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

 

Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ Սրբազան Արքեպիսկոպոսի՝

Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի,

 Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի

 

Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Մոսկվայի Պատրիարքության համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին

           

            Սիրելի հայրե՛ր, եղբայրնե՛ր և քույրե՛ր ի Տեր։

            Տերունական Զատկի պայծառ այս օրը՝ եկեղեցական տարվա կարևորագույն տոնի առիթով սրտանց շնորհավորում եմ ձեզ առաքելական ողջույնի բերկրալի խոսքերով․

ՔՐԻՏՈՍ ՀԱՐՅԱ՜Վ։

 

Տեր Յիսուս Քրիստոսի խաչի վրա մահվանը հաջորդեց համաշխարհային պատմության և մետապատմության կենտրոնական իրադարձությունը՝ Քրիստոսի Հարությունը։ Աստծո Որդին ընդունեց կամավոր մահը, որպեսզի մարդկությանը փրկի հոգևոր մահվանից։ Ինչպես Ադամի անկմամբ աշխարհը մեղսավոր ու մահկանացու դարձավ, այդպես էլ Քրիստոսի ծառայությամբ այն քավություն ստացավ և կրկին գտավ կորսված շնորհն ու արդարությունը։

Տերն ինքն է Իր մասին վկայում․"Ես իսկ եմ հարություն և կյանք, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի՝  կապրի" (Հվնն.11,25)։ Քրիստոսի Հարությունը՝ Աստծո զորության սկզբունքորեն նոր հայտնություն է։ Այն դասվում է աշխարհի արարչագործության, մարդու ստեղծման և Աստծո մարմնացման հետ մեկ շարքին։ Այդ աստվածային զորությունը՝ անվախճան սերն է։

Քրիստոսի Հարությունը՝ նոր հավիտենական դարաշրջան է, համամարդկային հարության հիմքն ու ակունքը։ Այս տոնի մեջ ամեն ինչ ծածկված է մարդկային ընկալմանն անհասանելի աստվածային խորհրդով։ Հարության իրադարձությունը կանոնական ավետարաններում չի նկարագրվում, նրանց սուրբ հեղինակները պատմում են մեզ միայն յուղաբեր կանանց այցելության մասին դատարկ գերեզման, որտեղ նրանք Հրեշտակից ընդունեցին փրկարար ավետիսը, ինչպես նաև՝ Հարուցյալի հայտնությունների մասին իր աշակերտներին։ Ավետարանական պատմությունները մեծ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչպես էր Հարության փորձառությունը բացահայտում առաքյալներին աստվածաշնչյան մարգարեությունների նշանակությունը: Միայն այդ ժամանակ նրանք հասկացան, թե ինչու Մարդու Որդու չարչարանքներն ու խաչը՝ Նրա մեսիականության հատկանիշն է, և կարողացան այլ աչքերով ընթերցել Տիրոջ Առաքյալի քավչարար չարչարանքների մասին մարգարեական գրվածքների խոսքերը։ Քահանայապետները Քրիստոսի վարդապետության մեջ աստվածահայհոյություն տեսան, և Հիսուս Նազովրեցու խաչի վրա մահը պիտի իրենց կարծիքը հաստատեր։ Եթե Բարի Լուրն ավարտվեր իր Մարգարեի խայտառակ մահվամբ, ապա այն միայն իբրև պատրանքային երազանք կմնար։ Աստծո Թագավորության գալստյան գագաթնակետը՝ Հիսուս Քրիստոսի մահն ու հարությունն է։ Աստված հանդիսապես արդարացրեց Իր Որդուն, որը Երկնային Հոր կամքին հնազանդ էր "մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա" (Փլպ.2,8), և մահվանից հարություն տալով նրան՝ ցույց տվեց Քրիստոսի խոսքերի և գործերի անփոփոխ ճշմարտացիությունը։

Հարուցյալ Քրիստոսի հայտնություններն առաքյալներին բացահայտեցին հինկտակարանյան մարգարեությունների խորքային բուն իմաստը: Հիսուս բացահայտվեց նրանց այժմ ոչ միայն որպես Քրիստոս և Վարդապետ, այլ՝ որպես ճշմարիտ Տեր, Կենդանի Աստծո մարմնավորում, Օծյալ-Քավիչ: Նա՝ հոժարակամ Իրեն հանձնեց կործանարար տարերքի իշխանությանը և աստվածամարդկային հզորությամբ հաղթանակ տարավ դրա նկատմամբ՝ մեզ համար բացելով ապագայի վարագույրը: Այդ սուրբ օրվանից փրկության և հոգևոր ազատության ավետիսի ղողանջը չի լռում երկրի վրա: Չարիքը դեռեւս շարունակում է ոտնակոխել երկիրը, սակայն քրիստոնյաները տոնում են և ազդարարում՝ իբրև Հիսուս Քրիստոսի Հարությամբ դրա հանդեպ արդեն կատարված հաղթանակ։

Քրիստոսի Զատկի տոնը՝ հինկտակարանյան Պասեքի վերաիմաստավորումն է, որ հաստատվել էր ի հիշատակ Եգիպտոսից հին Իսրայելի ելքի։ Մենք նշում ենք Հարության պայծառ տոնն իբրև այնպիսի մի իրադարձություն, որ պատահել է և շարունակում է պատահել մեզ հետ, քանզի նրանում յուրաքանչյուրս հավիտենական կայնքի շնորհ է ստացել։ Այդ շնորհը արմատապես փոխում է մեր վերաբերմունքը աշխարհի ամեն ինչի նկատմամբ, ներառյալ մահը: Երկրային կյանքում մենք դեռ հանդիպում ենք այն դեմ առ դեմ, սակայն հավատում ենք, որ Իր իսկ մահվամբ Քրիստոսը փոխեց մահվան բուն էությունը, այն զատկական տոն դարձրեց․ անցում դեպի Աստծո Արքայություն՝ ողբերգություններից մեծագույնը վերջնական հաղթանակի վերածելով, մեզ Իր Հարությանը մասնակիցներ դարձնելով: Մահվան միջով անցնելով՝ Նա ձեռք բերեց մարդկանց համար անմատչելի կերպով այլ՝ հոգևոր մարմնականություն։ Սուրբ Պողոս առաքյալը խոսում է դրա մասին՝ որպես բոլոր մարդկանց սպասվող գոյության աստիճանի (1Կորն.15,44)։ Աստվածամարդ Քրիստոսն առաջինն էր, որ նախորդեց մեռելների ընդհանուր հարությանը:

Ոչ միայն ապագան է պայծառացվում Զատկի լույսով․ Հարությունը հավատավորների համար Քրիստոսի ներկայության իրականություն է նշանակում։ Շատ առաջնորդներ և մարգարեներ ուսմունքներ և գաղափարներ էին բերում մարդկանց, բայց Տեր Հիսուսն Ինքը մնում է Եկեղեցու հետ՝ որպես նրա Գլուխ և Փրկիչ, որպես աշխարհին ուղղված հավերժամնա Աստվածային Դեմք:

Մասնակցելով ներկա լուսափայլ տոնակատարության հանդիսությանը՝ մեզ շրջապատող մարդկանց բաշխենք զատկական բերկրալի ավետիսը, մեր մերձավորներին ուշադրություն հատկացնենք, բարի գործենք նրանց, ովքեր մեր օգնության ու մխիթարության կարիքն ունեն։ Տիրոջ զատկական այս սուրբ և մեծ օրը աղոթաբար մաղթում եմ ձեզ հոգևոր ուրախություն ի հարուցյալ Փրկիչն, Աստծո անսպառ օգնություն գործերում և ձեռքբերումներում, հոգու խաղաղություն, առողջություն և երկարակեցություն։

 

 

ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՀԱՐՅԱ՜Վ ՔՐԻՍՏՈՍ:

 

+ ՂԵՎՈՆԻԴԵՍ 

ԱրքեպիսկոպոսՎլադիկավկազի և Ալանիայի

 

 

Սուրբ Զատիկ

2020 թ․

Վլադիկավկազ