ԶԱՏԿԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ Սրբազան Արքեպիսկոպոսի, Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի, Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարչի
Վլադիկավկազի թեմի և Հայաստանի Հանրապետությունում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների հոգևորականներին, վանականներին ու աշխարհականներին
Սիրեցյա'լ հայրեր, եղբայրներ և քույրեր ի Տեր:
Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Աստծո Զատիկի լուսավոր օրվա առթիվ` տոնական բերկրալի ողջույնով.
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ:
Քրիստոսի Հարությունն` ուղղափառ հավատքի հիմքն ու պսակն է, այն առաջին, կարևորագույն, մեծ ճշմարտությունը, որի ազդարարմամբ իրենց քարոզն սկսեցին առաքյալները Սուրբ Հոգու էջքից հետո: Ինչպես որ Տեր Հիսուսի խաչի մահվամբ կատարվել է մեր քավությունն, այնպես էլ Նրա Հարությամբ մեզ շնորհվել է հավիտենական կյանք: Քրիստոսի Հարությունը` Եկեղեցու մշտական հաղթությունն է, անլռելի ցնծությունը, որն իր գագաթնակետին է հասնում Զատկի տոնին: Նրա փրկարար պտուղներն են` հաղթանակը դժոխքի ու մահվան դեմ, արդարների երանությունը, Սուրբ Հոգու ստորառաքումը և Աստծո Եկեղեցու ստեղծումը:
Անցնելով Գողգոթայի խաչի փորձության միջով` որն, ըստ մարդկային չափանիշների, կարող էր դառնալ Բարի Լուրի լիակատար կործանում, քրիստոնեությունն, Իր Աստվածային Հիմնադրի Հարության շնորհիվ, այնպիսի հաղթանակ տարավ աշխարհի նկատմամբ, որ նմանօրինակը չունի պատմության մեջ: Այն ստիպեց միլիոնավոր մարդկանց վերանայել իրենց պատկերացումներն Աստծո, աշխարհի և իրենք իրենց վերաբերյալ: Եթե նույնիսկ Հիսուս Քրիստոսի կողմից տարած հաղթանակը ճանաչվել և գիտակցվել է ոչ ամենքի կողմից և ոչ ամենուրեք, այն ունի բացարձակ ու անանցանելի արժեք:
Խաչյալ, մեռյալ և հարուցյալ Հիսուսն, Աստծո պատասխանն է մարդու հիմնական հարցերին. ինչի՞ համար է նա ապրում, տառապում ու մեռնում: Քրիստոնեության էությունը, մարդկանց գլխավոր թշնամու` մահվան դեմ հաղթանակն է: Այդ հաղթանակը տարել է Քրիստոսը մեզ բոլորիս համար: Դարերի ընթացքում մարդը չէր կարողանում հաշտվել մահվան մասին մտքի հետ, սակայն ոչ մի իմաստունի չհաջողվեց հակաթույն գտնել նրա դեմ, փրկել նրանից Ադամի հետնորդներին: Քրիստոս դա արեց` ազատելով մարդկանց հավիտենական կորստից Իր սեփական մահվան գնով:
Նրա սխրագործության լույսի ներքո իմաստ է ստանում յուրաքանչյուր մարդու կյանքը և մահը: Աստված ստեղծել է մեզ, որպեսզի մենք, ունենալով ազատ կամք, կատարելագործվենք այստեղ` երկրի վրա` հիմք դնելով հանդերձյալ կյանքի համար: Յուրաքանչյուրին, ով հավատում է Քրիստոսին, ուղղված են Նրա խոսքերը. «Ով որ հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, հավիտյան չի մեռնի» (Հովհ. 11:25-26):
Փրկչի Հարության շնորհիվ ստուգապես հարություն է առնում ողջ մարդկային ազգը, որ սկսում է իր կատարելապես նոր կյանքը` կյանքն ի Քրիստոս: Դարձյալ մարդկանց համար բացվում է մեղսագործությամբ կորցված ճանապարհը դեպի Տիրոջ հետ միություն, դեպի սեփական կոչման իրականացման ուղին` աստվածանմանության հասնելու: Նորից մարդկության վրա է հեղվում Աստվածային շնորհի լրումը, մեզ համար դարձյալ բաց է ճանապարհը դեպի Երկինք: Լույսը հաղթանակում է ընդդեմ խավարի, Աստվածային Սրբությունը` մեղքի, ճշմարտությունը` ստի: Տերը ելնում է գերեզմանից իբրև Առաջնեկ մարդկանց համընդհանուր հարության` և' հոգևոր` այժմ, և' մարմնավոր` ժամանակների վախճանին:
Նորկտակարանյան Զատիկը` տոներից կարևորագույնն է, որը հաղորդակից է դարձնում մեզ Տեր Հիսուս Քրիստոսի մահվանն ու Հարությանը: Նման հաղորդակցությունը մասնակցության երաշխիք է տալիս մարդկային բնության անապական և փոխակերպող այն անմահությանը, հավիտենական և շնորհական այն կյանքին Աստծո մեջ, որոնց և կոչված են բոլոր մարդիկ: Սակայն այդպիսի գրավականը միևնույն ժամանակ ոչ միայն լոկ սլացում է դեպի ապագան, հույս է գալիքի հանդեպ, այն նաև պարգև է, որ քրիստոնյան պետք է ստանա, թեպետև մասամբ, արդեն այսօր. նույնիսկ մինչև իր վախճանը և իր սեփական հարությունից շատ առաջ: Ինչպես գրում է սուրբ Գրիգոր Աստվածաբանը. «մենք մարմնացյալ և մեռուցյալ Աստծո կարիքն ունեինք, որպեսզի Նրա հետ կենդանանանք: Նրա հետ մենք մեռանք, որպեսզի մաքրվենք, Նրա հետ հարություն առանք, որովհետև Նրա հետ ենք մեռել. Նրա հետ փառավորվեցինք, որովհետև Նրա հետ ենք հարություն առել»:
Աստծո սիրո մեջ Հարությունը` սա է մարդկային կյանքի բարձրագույն իմաստը: Սակայն մենք չենք հասնի այդ մեծ նպատակին, եթե չսովորենք ներել և սիրել մեր մերձավորներին, որոնց համար չարչարվեց, մեռավ և հարյավ աշխարհի Փրկիչը: Մեզ միավորում է Նրա ինքնազոհ սերը, Հարության հրաշքը, զատկական անճառելի ուրախությունը: Մխիթարենք և մենք միմյանց գթության գործերով, բարության խոսքերով, կենդանի զգացմունքի ջերմությամբ: Թող Արդարության Արեգակից` հարուցյալ Քրիստոսից, մեր սրտերում բոցավառվի ներման և սիրո հուրը` մեր շուրջն սփռելով շնորհական լույսը:
Տոների տոնը` Քրիստոսի լուսավոր Հարությունը, ամենապատվական Զատիկը, լցնում է հավատացյալների հոգիները սրբազան երկյուղով և վեհ զգացմունքով` հիացնելով Փրկչի սխրագործության մեծությամբ` սրտում բնակեցնելով խաղաղություն և երկյուղած զմայլանք: Այս հանդիսավոր օրն աղոթաբար մաղթում եմ ձեզ հոգևոր ուրախություն ի Տեր հարուցյալ, Աստծո անփոփոխ օգնությունը` քրիստոնեական կյանքի սխրագործությունը կատարելու մեջ, ուժերի ամրություն, խաղաղություն, բարօրություն և երկարակեցություն:
ՃՇՄԱՐՏԱՊԵՍ ՀԱՐՅԱՎ ՔՐԻՍՏՈՍ:
Վլադիկավկազի և Ալանիայի ՂԵՎՈՆԻԴԵՍ արքեպիսկոպոս,
Սուրբ Զատիկ
2021 թվական
Վլադիկավկազ